Քաղաքականություն

Ջեյ Դի Վենսն աշխարհում ներդրումային մեծ հետաքրքրություն է տեսնում Հայաստանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ջեյ Դի Վենսն աշխարհում ներդրումային մեծ հետաքրքրություն է տեսնում Հայաստանի նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աշխարհում ներդրումային մեծ հետաքրքրություն է տեսնում Հայաստանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո՝ պատասխանելով TRIPP նախագծի վերաբերյալ լրագրողի հարցին։

«Մենք այսօր շատ խոսեցինք, թե ինչպես կարող ենք արագացնել գործերի ընթացքը: Պարոն վարչապետը նույնպես շահագրգռված է, որ հնարավորինս արագ շարժվենք, քանի որ տնտեսական բարգավաճումը լավ է թե խաղաղության և թե զարգացման համար։ Իհարկե, Միացյալ Նահանգները կառուցողական և դրական դեր են խաղալու, բայց, իմ կարծիքով, փողը չէ խնդիրը։ Շատ հետաքրքրվածություն կա, շահագրգռվածություն կա աշխարհով մեկ, մարդիկ համոզված են, որ կարող են Հայաստանում ներդնելով բավականին շահույթ ստանալ: Այստեղ հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հաջորդ փուլ հասցնելու»,- ասաց Վենսը։

Ջեյ Դի Վենսը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։

«Բնական է՝ մեկ գիշերվա ընթացքում սա չի լինելու, բայց օգոստոսի 8-ից մինչև օրս մեծ առաջընթաց ենք արդեն արձանագրել»,- նշեց ԱՄՆ փոխնախագահը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում