Ճապոնիայի վարչապետի կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել ընտրություններում
2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) հաղթանակ է տարել խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում՝ ապահովելով 465 տեղերից 315-ը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված վերջնական հաշվարկների համաձայն՝ ԼԴԿ-ն ունի 315 տեղ, մինչդեռ նրա կոալիցիոն գործընկերը՝ Նորարարական կուսակցությունը, ունի ընդամենը 36-ը։
Սա ԼԴԿ-ի լավագույն արդյունքն է 1955 թվականին հիմնադրվելուց ի վեր. նախորդ ռեկորդը գրանցվել էր 1986 թվականին՝ վարչապետ Յասուհիրո Նակասոնեի օրոք, երբ կուսակցությունն ընտրության արդյունքում ստացել էր 300 տեղ։
Kyodo լրատվական գործակալության տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը Սանաե Տակաիչիին «նշանակալի առավելություն է տալիս իր պահպանողական քաղաքական հարթակն առաջ մղելու հարցում»։
Ընտրություններից առաջ ԼԴԿ-ն ուներ 198 տեղ, և ներկայիս հաջողությունը, ինչպես նշում են լրատվամիջոցները, հնարավոր է դարձել Տակաիչիի հեղինակության շնորհիվ։
Kyodo-ն նշում է, որ խորհրդարանի ստորին պալատի 310 տեղերի երկու երրորդի շեմը հաղթահարելը նշանակում է, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կկարողանա փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ կամ օրինագծեր ընդունել, նույնիսկ եթե այդ նախաձեռնությունները մերժվեն խորհրդարանի վերին պալատի կողմից, որտեղ իշխող կոալիցիան մնում է փոքրամասնություն։
Ընտրություններից առաջ ընդդիմությունն ուներ 172 տեղ, բայց այժմ ունի ընդամենը 49։
Ավելի վաղ Տակաիչին հայտարարել էր, որ չի պլանավորում վերադասավորել նախարարական կաբինետը։