Իրան

Իրանի նախագահը քայլ առաջ է որակել Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը քայլ առաջ է որակել Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է ուրբաթ օրը Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած անուղղակի միջուկային բանակցությունները՝ դրանք որակելով որպես «քայլ առաջ»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ ընդգծել է, որ դիվանագիտությունը մնում է Թեհրանի հիմնական ռազմավարությունը՝ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային քաղաքականությունը ղեկավարվում է միջազգային իրավունքով և «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրում ամրագրված իրավունքներով։

«Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանի բարեկամ կառավարությունների աջակցությամբ, քայլ առաջ էին։ Երկխոսությունը միշտ եղել է մեր ռազմավարությունը։ Մեր տրամաբանությունը միջուկային հարցերում «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրում ամրագրված իրավունքներն են»,- գրել է Իրանի նախագահը։

Նա հավելել է, որ իրանական ազգը միշտ հարգանքով է փոխադարձել հարգանքին, բայց չի հանդուրժում հարկադրանքը՝ շեշտելով, որ Իրանը բանակցություններին մասնակցում է սկզբունքային և օրինական դիրքերից։

Թեհրանը և Վաշինգտոնը ուրբաթ օրը վերսկսել են միջուկային բանակցությունները Օմանում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը գլխավորում էր Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում, ասել է, որ բանակցությունները լավ սկիզբ են՝ հավելելով, որ դրանց շարունակությունը կախված է մայրաքաղաքներում կայանալիք խորհրդակցություններից։

Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Օմանում կայացած բանակցություններ իարդյունքների վերաբերյալ պաշտոնական Թեհրանը տեղեկացրել է Մոսկվային և Պեկինին։

Մեկնաբանելով բանակցությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները «շատ լավ բանակցություններ» է ունեցել Իրանի հետ, և Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն հաջորդ շաբաթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում