Ադրբեջան

Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA  լրատվական գործակալությունը:  

Հիշելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մի քանի օր առաջ ունեցած հեռախոսազրույցը՝ Ալիևն ասել է, որ բարձր մակարդակի տարբեր շփումները լավ հնարավորություն են ստեղծում երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր քննարկելու համար։

Ընդգծելով, որ Մասուդ Փեզեշքիանի՝ անցյալ տարի Ադրբեջան կատարած պաշտոնական այցը հաջող էր, և լավ արդյունքներ են ձեռք բերվել՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ այցից հետո երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են։

Ընդգծելով, որ աշխարհի շատ մասերում ներկայում շարունակվում են պատերազմներ և հակամարտություններ՝ Ալիևը նշել է, որ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել։

Նա վստահություն է հայտնել, որ սա մեծ նշանակություն ունի նաև Իրանի համար։

«Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհում, որպեսզի արյունահեղություն չլինի, պատերազմներ չլինեն», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հայտարարել է, Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ լարվածության կարգավորման գործում։

Ազիզ Նասիրզադեն Ալիևին  փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները և  հայտարարել, որ Ադրբեջան է ժամանել Իրանի ղեկավարի հանձնարարությամբ։

Նա նաև նշել է, որ Իրանի նախագահը մեծ գոհունակությամբ է հիշում Ադրբեջան կատարած իր այցելությունները:

Զրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը, և մտքերի փոխանակում է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում