Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը հանդիպման ընթացքում ընդգծել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Ալիևը հանդիպման ընթացքում ընդգծել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում հանդիպման ընթացքում ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։

Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:

Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում