Իրան

Իրանի նախագահն արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահն արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել իրավահավասար պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Ես հանձնարարել եմ իմ արտաքին գործերի նախարարին, որ եթե լինի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից, վարել արդարացի և իրավահավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով», - գրել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հավելել է, որ նման որոշում է կայացրել՝ «հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամական երկրների խնդրանքը՝ արձագանքելու բանակցություններ անցկացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին»։

«Այդ բանակցությունները կընթանան՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը», - ընդգծել է Փեզեշքիանը։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ուղիղ բանակցությունները միջուկային հարցի շուրջ հնարավոր են, բայց դրանից առաջ կողմերը պետք է փոխըմբռնման հասնեն անուղղակի շփումների շրջանակներում։

Axios լրատվական հարթակն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին Ստամբուլում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում