Հայաստան

Պատասխանատուների հավաստմամբ՝ ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը պատրաստ է շահագործման

2 րոպեի ընթերցում

Շրջայց «Մարգարա» անցակետում
Շրջայց «Մարգարա» անցակետում

Հայաստան-Թուրքիա սահմանային «Մարգարա»  անցման կետը տեխնիկապես հագեցած է և վերազինված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով  ուղևորների և բեռների սպասարկման համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Մարգարա»  անցակետում շրջայցի ժամանակ։

Շրջայց «Մարգարա» անցակետում

«Անցակետն ամբողջությամբ վերազինված է և պատրաստ մաքսային ծառայության իրականացման համար։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղակայված են և հագեցած՝ թե՛ ուղևորների, թե՛ բեռների սպասարկման համար։ ՊԵԿ-ն արդեն առանձնացրել է այն աշխատակիցներին, որոնք պետք է մաքսային ծառայություն իրականացնեն տվյալ անցակետում, և սահմանի վերաբացման պարագայում մենք պատրաստ ենք  իրականացնել անհրաժեշտ ծառայությունը»,-հավաստիացրեց ՊԵԿ փոխնախագահը։

Շրջայց «Մարգարա» անցակետում

ՊԵԿ-ի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանի խոսքով՝  «Մարգարա»  անցակետը լիովին պատրաստ է շահագործման։  

«Առկա են ուղևորների ուղեբեռների ֆիզիկական զննության համար անհրաժեշտ ռենտգեն սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ, ֆիզիկական անձանց զննության համար նախատեսված ռենտգեն սարքեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համապատասխան հսկողություն իրականացնելու սարքավորումներ»,-մանրամասնեց նա։ 

Շրջայց «Մարգարա» անցակետում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ Ռոբերտ Ղարսոյանի տեղեկատվությամբ՝ անցակետում ներկայում իրականացվում է  24-ժամյա ծառայություն, և սահմանի վերաբացվելուն պես աշխատակիցները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում