Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին. ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված համաձայնությունը պահպանելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն այս մասին գրառում է կատարել Truth սոցիալական ցանցի իր էջում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Սա սարսափելի պատերազմ էր՝ 8 պատերազմներից մեկը, որոնց ես վերջ եմ դրել: Հիմա տիրում է բարգավաճում և խաղաղություն»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հայտնել է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ խաղաղությանն ուղղված ջանքերը զարգացնելու և TRIPP նախագիծն առաջ մղելու համար։
ԱՄՆ նախագահը նշել է, որ կամրապնդեն իրենց ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կկնքեն խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Կկնքեն նաև գործարքներ՝ կիսահաղորդիչների՝ ամերիկյան մեծ արտադրողների համար և Ադրբեջանին կվաճառեն ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն:
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որից հետո թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, հռչակագիր են ստորագրել։