Թրամփը հրաժարվել է հավելյալ մաքսատուրքեր սահմանելուց ու հայտարարել Գրենլանդիայի հարցով նախնական գործարքի մասին

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման արդյունքներով ձևավորվել է Գրենլանդիայի ու, ըստ էության, ամբողջ Արկտիկական շրջանի հետ կապված ապագա գործարքի շրջանակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփը, որ այս մասին գրառում է կատարել Truth Social հարթակում, Ռյուտեի հետ հանդիպումն արդյունավետ է որակել։

«Այս լուծումը, եթե այն իրագործվի, հիանալի կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսվում էր ուժի մեջ մտցնել փետրվարի 1-ից»,- հայտնել է Թրամփը։ Խոսքը ավելի վաղ հայտարարված  10% ներմուծման մաքսատուրքի մասին է, որը պետք է գանձվեր Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից։ Մաքսատուրքն ուժի մեջ էր մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չկար գործարք ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։ Իսկ հունիսի 1-ին ակնկալվում էր բարձրացնել մաքսատուրքերը մինչև 25 տոկոս։

Թրամփը հայտնել է, որ իրենք եվրոպացի գործընկերների հետ կաշխատեն «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծման շուրջ։

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, անհրաժեշտության դեպքում մի շարք այլ անձինք ևս պատասխանատու կլինեն բանակցությունների համար ու անմիջապես հաշվետու կլինեն իրեն։

Շվեյցարական Դավոսում Ռյուտեի հետ հանդիպումից անմիջապես հետո, խոսելով լրագրողների հետ, Թրամփը հայտարարել է, որ գործարքը, որի մասին պայմանավորվածություն կա, կգոհացնի բոլորին։ «Դա երկարաժամկետ գործարք է, Սա երկարաժամկետ լավագույն գործարքն է։ Այն բոլորին դնում է իսկապես լավ դիրքում, հատկապես՝ անվտանգության և հանքանյութերի հարցում»,- Reuters-ի փոխանցմամբ, գործարքի վերաբերյալ նշել է Թրամփը։

Մինչ այս հանդիպումը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Թրամփը ելույթ էր ունեցել՝ վերահաստատելով Դանիային պատկանող Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան հավակնությունները։ Այդուհանդերձ, նա հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում այս հարցով ուժ կիրառել։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Թրամփի հետ բանակցություններում չի քննարկվել կղզու՝ Դանիայի հետ մնալ-չմնալու հարցը։ «Այդ հարցն այլևս չքննարկվեց նախագահի հետ իմ զրույցներում։ Նա (խմբ․- Թրամփը) շատ կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչ պետք է անենք, որպեսզի համոզվենք, որ այդ հսկայական Արկտիկական տարածաշրջանը, որտեղ այս պահին փոփոխություններ են տեղի ունենում, որտեղ չինացիներն ու ռուսները ավելի ու ավելի ակտիվ են, կարող ենք պաշտպանել»,- ասել է նա։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP