Քաղաքականություն

Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար

3 րոպեի ընթերցում

Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները ուսումնասիրել են Երասխ–Սադարակ հատվածում գտնվող երկաթուղու վիճակը՝ այն վերաբացելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «TRIPP» զարգացման ընկերության շուրջ հնչող քննադատություններին և դրանց վերաբերյալ մտահոգություններին։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը կարևորում է նման մեկնաբանությունները և դրանք դիտարկում է որպես վերստուգման գործիք։

«Մենք ուսումնասիրում ենք այդ մեկնաբանությունները, վերստուգում ենք՝ ճիշտ են, թե սխալ, և կարող եմ միանշանակ ասել, որ բոլոր այդ մտահոգությունները մենք ինքներս էլ ունեցել ենք։ Այդ է պատճառը, որ ստորագրվել է օգոստոսի 8-ի փաստաթուղթը և հունվարի 14-ին երկու կառավարությունների անունից հրապարակվել է շրջանակը, որտեղ բազմիցս շեշտված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ «TRIPP»-ը, չնայած քաղաքական բարձր հնչեղությանը, առաջին հերթին ներդրումային ծրագիր է։

«Սա նախևառաջ տնտեսական ծրագիր է։ Եթե հետևեք փաստաթղթերի դինամիկային, կտեսնեք, որ քաղաքական բաղադրիչը աստիճանաբար երկրորդ պլան է մղվում, իսկ առաջին պլան է մղվում ներդրումային և տնտեսական տրամաբանությունը»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները այցելել են Երասխ–Սադարակ հատված և ուսումնասիրել երկաթուղու տեխնիկական վիճակը։

«Եթե երկաթուղու վերաբացման նպատակ չլիներ, այդպիսի ուսումնասիրություն պարզապես չէր իրականացվի»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց որ ընդդիմադիր շրջանակների կողմից հնչեցվող պնդումները, թե ծրագիրը չի նպաստում Հայաստանի ապաշրջափակմանը կամ վտանգում է ինքնիշխանությունը, որևէ հիմնավորում չունեն։

«Դրանք այն նույն մտահոգություններն են, որոնք մենք ինքներս ունեցել ենք գործընթացի սկզբում, և հենց այդ մտահոգությունները հասցեագրելու համար ենք սկսել այս գործընթացը։ Այսօր կարող եմ արձանագրել, որ այդ մտահոգությունները արդեն հասցեագրված են»,- հայտարարեց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում