Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է. Փաշինյան

Հայաստանի աշխատանքն ուղղված է խաղաղության ամրապնդմանը, սակայն երբևէ, ոչ մի վայրկյան չի կորցրել իր զգոնությունը: 2026թ հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

Նա նկատեց, որ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական, ինչը արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառման վերաբերյալ մտահոգություններին՝ Փաշինյանն ասաց, որ իսկապես հետախուզությունն արձանագրել է այդ խնդիրները:

Խոսելով սպառազինությունների ձեռքբերման մասին՝ նա ասաց. «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք: Եվ կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում»:

Ինչ վերաբերում է խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցերին՝ նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունն այդ ուղղությամբ շարունակում է իր դիվանագիտական արձագանքը:

«Բայց նաև ուզում եմ, որ բոլորս արձանագրենք այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում՝ սկսած հռետորաբանությունից՝ և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից: Այդ հռետորաբանությունն արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս: Եվ ես ուզում եմ դա ողջունել»,-ասաց վարչապետը:

Իսկ Արտաքին հետախուզության ծառայության արձանագրած խնդիրների շուրջ աշխատանքը, վարչապետի վստահեցմամբ, շարունակում են: «Բայց այդ աշխատանքն ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը, այս ընթացքում ձևավորված դրական բովանդակությունը ընդգծելուն, շեշտելուն, այդ դրական բովանդակության վրա հենվելուն: Ինչ վերաբերում է անվտանգության հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին, Հայաստանի պետական համակարգը անընդհատ դա վերլուծում է, և այդ ուղղությամբ բոլոր ծառայությունները՝ առաջին հերթին դիվանագիտական, իրենց աշխատանքն անում են»,-ասաց Փաշինյանը:

Նա ուրախությամբ ընդգծեց օրեր առաջ Ադրբեջանում պահվող ևս 4 անձի՝ Հայաստան վերադարձի մասին:

«Մյուս կողմից էլ իներցիոն պրոցեսներ կան: Մենք այդ իներցիոն պրոցեսների հետ պետք է հանգիստ, հանդարտ, խաղաղության վրա կենտրոնացած, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի ցուցաբերմամբ աշխատենք: Բայց ՀՀ-ն երբեք և ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու: Այսօր՝ 2026թ հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է, կատարյալ խաղաղություն»,-ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում