Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ դառնալու Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման համար ստեղծված Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Ադրբեջանը տեղեկացրել է ամերիկյան կողմին հիմնադիր անդամ պետություն դառնալու իր մտադրության մասին։
Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմին կուղարկվի Խաղաղության խորհրդին Ադրբեջանի անդամակցությունը պաշտոնապես հաստատող նամակ, և անհրաժեշտ ընթացակարգերի շրջանակներում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին՝ հաջակցություն Գազայի հատվածում իրադրության կարգավորման շուրջ Թրամփի համապարփակ ծրագրի։ Գազայի հարցով Միացյալ Նահանգների պլանում առաջարկվել է Գազայի հատվածի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ Խաղաղության խորհրդի ստեղծում, ինչպես նաև նախատեսվում է միջազգային կայունացնող ուժերի տեղակայում՝ Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգմամբ: Առայժմ խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ տվյալներ չկան։
Խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել է 2026 թվականի հունվարի 15-ին։
Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավեր են ստացել շուրջ 60 երկրի ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահները, Հնդկաստանի վարչապետը, ԵՄ տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։