Ստրասբուրգում ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել ԵՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագրի դեմ
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել հարավամերիկյան երկրների դաշինքի՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի դեմ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Ֆերմերները ցանկանում են ճնշում գործադրել Եվրախորհրդարանի անդամների վրա՝ հունվարի 21-ին համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ նախատեսված քվեարկությունից առաջ: Բողոքի ցույցերին մասնակցել են ոչ միայն ֆրանսիացի ֆերմերները, այլև նրանց գործընկերները Գերմանիայից, Բելգիայից և Իտալիայից: Բողոքի ցույցերին ի պատասխան՝ ոստիկանությունը ցանկապատներով շրջապատել է Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքը: Իրավապահ մարմինների աշխատակիցները նաև պատրաստ են պահում ջրցան մեքենաները:
Հունվարի 9-ին, 25 տարի տևած բանակցություններից հետո, Բրյուսելում կայացած Եվրամիության երկրների ներկայացուցիչների հանդիպման մասնակիցներ մեծամասնությունը քվեարկեց Եվրամիության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի դաշինքի (որը ներառում է Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը և Պարագվայը) միջև ազատ առևտրի համաձայնագրի օգտին։ Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 17-ին Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում։ ԵՄ-ն ներկայացնում էին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։