Քաղաքականություն

Ադրբեջանին անընդհատ փոխանցում ենք մեսիջը, որ «արևմտյան Ադրբեջան» խոսույթը չի նպաստում խաղաղության գործընթացին. Խանդանյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանին անընդհատ փոխանցում ենք մեսիջը, որ «արևմտյան Ադրբեջան» խոսույթը չի նպաստում խաղաղության գործընթացին. Խանդանյան

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ շեշտելով, որ դա օգտակար չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խանդանյանն այդ մասին ասել է խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանի կողմից «արևմտյան Ադրբեջան» խոսույթի վերաբերյալ նաև միջազգային հարթակներում հրապարակային խոսել ենք, Կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար՝ հատկապես նոր իրողություններում: Անընդհատ Ադրբեջանին տալիս են այս մեսիջը, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է: Բայց, այնուհանդերձ, պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խաղաղության խոսույթը»,-ասաց Խանդանյանը:  

Նա նշեց՝ խաղաղությունը գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ: Դա պրոցես է, որը պետք է շենքի պես կառուցվի՝ քայլ առ քայլ, այդ թվում՝ համապատասխանեցնելով խոսույթը այն իրողություններին ու գործընթացներին, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում:

Անդրադառնալով հարցին՝ Հայաստանի իշխանությունն այս փուլում չի՞ քննարկում այսպես կոչված «ադրբեջանցիների վերադարձի հարց»՝ Խանդանյանը պատասխանեց. «Այդ խոսակցությունը Հայաստանի իշխանությունը որևէ փուլում էլ չի քննարկի: Հատկապես այնպիսի շեշտադրումներով, ինչպես տևական ժամանակ խոսել է Ադրբեջանը: Դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին»:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում