Տեխնիկապես անհնար է անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ. Լավրովը՝ Հայաստանի եվրաինտեգրման մասին
3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տեխնիկապես անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է 2025 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման ձգտումներին։
«Ակնհայտ է յուրաքանչյուրի համար, ով որևէ կերպ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Դա պարզապես տեխնիկապես անհնար է»,– նշել է Լավրովը՝ հիշեցնելով, որ այդ հարցը բազմիցս պարզաբանել է նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը իր հայ գործընկերների հետ շփումներում։
Լավրովը նշել է, որ թեման քննարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևան կատարած այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր նորմերի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվ-իրավական բազան ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու գաղափարը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ ԵՄ չափանիշները ենթադրում են նաև ամբողջական միացում Եվրամիության արտաքին քաղաքականությանը, ինչը, նրա խոսքով, նշանակում է միացում հակառուսական պատժամիջոցներին և հայտարարություններին։
Լավրովը հիշեցրել է, որ 2025 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որտեղ, ըստ նրա, ամրագրված է արտաքին քաղաքականության, առևտրի և տնտեսության ոլորտներում համակարգման անհրաժեշտությունը։
Նա անդրադարձել է նաև վիզային ռեժիմի ազատականացման հարցին՝ նշելով, որ այն ենթադրում է Եվրամիության ներգրավվածություն իրավապահ և սահմանների պահպանության ոլորտներում։ Լավրովի խոսքով՝ այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչպես է դա համադրվում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ։
«Այդ պատճառով Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ շարժումը չի կարող զուգակցվել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պահպանման հետ։ Եթե Հայաստանը համապատասխան որոշումներ կայացնի և դրանք ներկայացվեն որպես հայ ժողովրդի կամարտահայտություն, դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։