ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի զարգացումներին պատասխանելու տարբերակները. Թրամփ
2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք լրջորեն մտածում են Իրանում տեղի ունեցող զարգացումներին արձագանքելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Guardian-ը։
Նախագահական ինքնաթիռում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ իրանական կողմն անցնում է «կարմիր գիծը»։
«Մենք շատ լրջորեն ենք նայում հարցին։ Զինված ուժերը հետևում են այդ ամենին, և մենք դիտարկում ենք տարբեր լուրջ տարբերակներ։ Մենք որոշում կկայացնենք»,- ասել է Թրամփը։
Նա նշել է, որ իրանական կողմը ցանկանում է բանակցություններ անցկացնել։ Այս համատեքստում, ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը՝ քննարկելու իրանական միջուկային ծրագիրը։
Դոնալդ Թրամփը հայտնել է նաև, որ ամերիկյան կողմը կարող է գործողությունների դիմել և վերականգնել Իրանում համացանցի հասանելիությունը, որը խափանված է ցույցերի պատճառով։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են մի քանի հարյուր զոհի մասին։ Մասնավորապես, Associated Press գործակալությունը, հղում անելով ակտիվիստներից ստացած տեղեկություններին, հայտնում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ։