Երևան

Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Շտապբուժօգնություն» ծառայությունում, ծանոթացել իրականացված ներդրումներին ու բարեփոխումներին:

Նշվել է, որ շարժակազմը համալրվել է ժամանակակից և գերհագեցած շտապ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են և 1-ը ռեանիմոբիլ: Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն են տալիս շտապ բուժօգնության անձնակազմին առավել արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:

Ընդգծվել է, որ 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 7-10 ավտոմեքենա՝ ավտոպարկի փուլային և ամբողջական թարմացման, ինչպես նաև ծառայության կայուն և անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը: Նշվել է, որ իրականացվել են թվայնացմանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես՝ կանչերի գրանցումն իրականացվում է պլանշետների միջոցով, ներդրվել է նույնականացման համակարգ և իրականացվում է բուժառուների էլեկտրոնային գրանցում:   «1-03» ծառայության արդիականացման շրջանակում զանգերի ձայնագրման և մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասցվել է զրոյի: Ընդգծվել է, որ համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի տարածքի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության «1-03» համարին մուտքագրված զանգերը՝ ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում