Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենին

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենին

Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Եմենի Էլ Մուքալա նավահանգստային քաղաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սաուդյան SPA գործակալությունը։

Նշվում է, որ հարվածների թիրախը եղել է Ֆուջեյրայից (ԱՄԷ) ժամանած երկու նավ, որոնք «մեծ քանակությամբ զենք ու մարտական մեքենաներ» էին տեղափոխում Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) ուժերին, որոնց աջակցում է Արաբական Միացյալ Էմիրությունները։

«Հաշվի առնելով այս զենքից եկող անվտանգությանը և կայունությանը սպառնացող վտանգն ու էսկալացիան՝ կոալիցիայի օդուժն այս առավոտյան սահմանափակ ռազմական գործողություն է իրականացրել՝ թիրախավորելով նավահանգստում գտնվող երկու նավերից բեռնաթափված զենքը և մարտական մեքենաները», - ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ, որը մեջբերել է գործակալությունը։

Սաուդցի զինվորականները հայտարարել են, որ գրոհն իրականացվել է գիշերը՝ «կողմնակի վնասներ չպատճառելու» համար։

Զոհերի մասին չի հաղորդվում։

Դեկտեմբերին ՀԱԽ-ն իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավում գտնվող երկու նահանգները, որոնք մինչ այդ կառավարվում էին միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության կողմից։

Ավելի ուշ ՀԱԽ-ի ղեկավար Այդարուս Քասեմ Աբդուլ Ազիզ ազ Զուբեյդին հայտարարել է, որ այժմ ժամանակն է անցնել երկրի հյուսիսը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան վերահսկող հութիների դեմ գործողությանը։

ՀԱԽ-ը հանդես է գալիս, այդ թվում, Եմենի հարավային շրջանների անջատման օգտին։

Եմենում հակամարտությունն սկսվել է 2014 թվականին։ Այն ժամանակ հութիները, որոնց աջակցում է Իրանը, գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան և Եմենի հյուսիսի մեծ մասը։ Արաբական կոալիցիան, որը 2015 թվականին միջամտել է հակամարտությանը, աջակցում է Եմենի կառավարական զորքերին։ Դրա հետ մեկտեղ ԱՄԷ-ն, որը վարժեցնում և ֆինանսավորում է ՀԱԽ-ի հովանու տակ գտնվող խմբավորումներին, նույնպես մտնում է կոալիցիայի մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում