Եվրոպա

Ռյուտեն անհրաժեշտ չի համարում պաշտպանության հարցերում ԵՄ-ի անկախացումն ԱՄՆ-ից

2 րոպեի ընթերցում

Ռյուտեն անհրաժեշտ չի համարում պաշտպանության հարցերում ԵՄ-ի անկախացումն ԱՄՆ-ից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անհրաժեշտություն չի տեսնում, որ Եվրամիությունը լիովին անկախ դառնա ԱՄՆ-ից պաշտպանության հարցերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է գերմանական dpa գործակալությանը տված հարցազրույցում։

«Միանգամայն տրամաբանական է, որ մենք քայլ առ քայլ ավելի շատ պատասխանատվություն ենք ստանձնում Եվրոպայի պաշտպանության համար, բայց ԱՄՆ-ի հետ նույն կողմում, որը լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին, մնում է դաշինքում և Եվրոպայում.... Ես միանգամայն վստահ եմ, որ ԱՄՆ-ին լիովին հանձնառու է ՆԱՏՕ-ին։ Դրանում ոչ մի կասկած չկա», - ասել է Ռյուտեն։

Նա այդ համատեքստում հիշեցրել է ամռանը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, որտեղ դաշինքի անդամները համաձայնության են եկել մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։

«Ես կարծում եմ, որ մինչ օրս սա (ԱՄՆ) նախագահ Թրամփի ամենամեծ արտաքին քաղաքական հաջողություններից մեկն է», - ասել է նա։

Ռյուտեն նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կազմված չէ միայն ԱՄՆ-ից և ԵՄ պետություններից:

«Երբ խոսքը վերաբերում է Եվրոպային և ՆԱՏՕ-ին, այն ավելին է, քան ԵՄ-ն: ԵՄ-ն շատ կարևոր է: Սակայն եթե նայենք ընդհանուր համախառն ներքին արդյունքին, ՆԱՏՕ-ի կազմում գտնվող ԵՄ 23 անդամներին բաժին է ընկնում ՆԱՏՕ-ի ընդհանուր տնտեսական արդյունքի միայն մոտ մեկ քառորդը: 75 տոկոսը դեռևս ԵՄ-ից դուրս է», - ասել է Ռյուտեն՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի այնպիսի անդամներին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Կանադան և ԱՄՆ-ն:

Ավելի վաղ Եվրոպական ժողովրդական կուսակցության և Եվրախորհրդարանում դրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը (Քրիստոնեական-սոցիալական միություն) հայտարարել էր, որ ԵՄ-ն այլևս չի կարող հույսը դնել ամերիկացիների վրա, և կոչ էր արել Եվրամիությանն ընդլայնվել և դառնալ «եվրոպական ՆԱՏՕ»: Խորհրդարանականը դա հիմնավորել էր նրանով, որ ԱՄՆ-ի վրա այլևս չի կարելի անվերապահորեն հույս դնել։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում