Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև երկխոսության շրջանակում դրական տեղաշարժերը վկայում են տարածաշրջանային համագործակցության խորացման մասին. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Երևանի և Բաքվի միջև երկխոսության շրջանակում դրական տեղաշարժերը վկայում են տարածաշրջանային համագործակցության խորացման մասին. Զախարովա

Պաշտոնական Մոսկվան դրական տեղաշարժ է նկատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսության մեջ։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանի և Բաքվի միջև երկխոսության շրջանակում արձանագրվող դրական տեղաշարժերը, մասնավորապես՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ սկսված գործընթացները, այդ թվում՝ ռուսական հացահատիկի շարունակվող մատակարարումը Հայաստանին Ադրբեջանի տարածքով, վկայում են տարածաշրջանային համագործակցության խորացման մասին»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է «3+3» ձևաչափի (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան) կարևորությունը, որի շրջանակում շեշտադրվում է փոխգործակցության ամրապնդումը տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում։

Զախարովայի խոսքով՝ Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հաջորդ երկու հանդիպումները պետք է կազմակերպվեն Հայաստանում և Ադրբեջանում։

«Պաշտոնական տեղեկատվություն հանդիպումների կազմակերպման հաջորդականության վերաբերյալ գործընկերներից դեռևս չենք ստացել։ Հույս ունենք, որ շուտով նրանց կհաջողվի լուծել այդ հարցը և կկիսվեն մեզ հետ համապատասխան տեղեկությամբ։ Կցանկանայինք համաժողովին տեսնել նաև մեր վրացի գործընկերներին։ Ունենք բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններ, և միշտ կլինեն քննարկման արժանի թեմաներ »,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում