Քաղաքականություն

Վարչապետը հուսով է, որ առաջիկայում Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի

3 րոպեի ընթերցում

Վարչապետը հուսով է, որ առաջիկայում Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեկնաբանություններին, թե ինչո՞ւ է ինքը տարբեր առիթներով շնորհակալություն հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու որոշման համար։  

Վարչապետն ընդգծել է, որ դա արվում է ցույց տալու համար Հայաստանի դրական գնահատականը տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ տարբեր առիթներով և տարբեր հարթակներում շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահին՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու համար։ 

Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել ինչ-որ իրադարձություն Հայաստանի հետ կապված, և վերջինս պետք է վերաբերմունք արտահայտի դրա վերաբերյալ։ 

«Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, և Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքն առ այն, որ դրական ենք գնահատում այդ զարգացումները»,-ասաց նա։  

Վարչապետ Փաշինյանը հստակեցրեց, որ իրականում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ մի քանի իրադարձություն։  

«Տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում՝ սկզբից Ղազախստանի համար, հետո էլ Ռուսաստանի համար։ Տեղի է ունեցել նաև այն, որ արձանագրվել է՝ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղով գնալու սահմանափակում չկա։ Հիմա չենք գնում, որովհետև, իմ ընկալմամբ, մեր մտածողության և գործունեության մասշտաբը մի «ֆուռի» տրամաբանությամբ է աշխատում։ Այսինքն՝ չկա ընկալում, որ այդ գնացքը պետք է բեռնել, ապրանքը կոնսոլիդացնել միանգամից մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ, իսկ այս ամենը բարդ է»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի է ունեցել նաև մեկ այլ իրադարձություն, երբ Ադրբեջանը համաձայնել է նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին, և այդ գործարքը կայացել է։  

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի ուղղությամբ քայլեր կարվեն, Հայաստանից էլ Ադրբեջան արտահանում կլինի։ 

Փաշինյանի կարծիքով՝ տարօրինակ կլինի, եթե Հայաստանն իր վերաբերմունքը չարտահայտի այս իրադարձությունների վերաբերյալ։  

«Ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը և ճիշտ եմ անում։ Ընդ որում, ինչո՞ւ տարբեր տեղերում, որպեսզի տարբեր տեղերում դա արձանագրվի, քանի որ դա կարևոր է նաև ԵԱՏՄ-ի համար․ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել, ինչը նախկինում չենք ունեցել։ Շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ այս բոլորը խոսում է այն մասին, որ խաղաղությունը հաստատվել է, և այն ունի կոնկրետ արտահայտչաձևեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում