Ադրբեջանում ապօրինաբար դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից գերեվարված և կեղծ մեղադրանքներով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA-ն հայտնում է, որ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի վիճակը վատացել է դեկտեմբերի 22-ին, առաջացել է շնչառության դժվարացում և սրտի ցավ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացված ինտենսիվ թերապիայից և վերակենդանացման միջոցներից հետո Խաչատրյանի վիճակի էական բարելավում չի նկատվել, նրան տեղափոխել են համապատասխան պետական բժշկական հաստատություն:
Խաչատրյանի վիճակը ներկայումս գնահատվում է ծանր: Ինտենսիվ թերապիան շարունակվում է:
Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել: Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները: Խաչատրյանը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։