Չինաստան

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցավ չինարենի դասավանդման և ուսումնասիրման դրամաշնորհների հանձնման արարողություն

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցավ չինարենի դասավանդման  և ուսումնասիրման դրամաշնորհների հանձնման արարողություն

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցավ չինարենի դասավանդման և ուսումնասիրման ամենամյա դրամաշնորհային ծրագրի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չինաստանի դեսպանատան կողմից արդեն 8-րդ անգամ կազմակերպվող դրամաշնորհին են արժանացել Հայաստանի տարբեր համալսարանների ու դպրոցների մոտ 5 տասնյակ դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ ու աշակերտներ, որոնք համապատասխանաբար դասավանդում և  ուսանում են չինարեն։

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը՝ հայ-չինական բարեկամությունն ամրապնդող ևս մի առիթ համարելով մրցանակաբաշխության արարողությունը,  իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանում բավական մեծ թվով երիտասարդներ են ուսանում չինարեն։

«Մոտ 8 ամիս է, ինչ գտնվում եմ Հայաստանում և այս ընթացքում հասցրել եմ տարբեր դպրոցներ այցելել և ծանոթանալ չինարեն սովորող շատ հայ երիտասարդների հետ։ Ներկա եմ գտնվել նաև տարբեր միջոցառումների, մասնավորապես՝ «Չինարենի կամուրջ»-ի, «Չինարեն երգի մրցույթ»-ի, Կոնֆուցիոսի դասարանների բացման արարողությունների և այլն։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Դուք ընտրել եք մի դժվար, բայց, կարծում եմ, շատ ճիշտ ճանապարհ՝ չինարենի ուսումնասիրությունը։ Չինարենն աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկն է, բայց չենք մոռանում, որ հայերենը նույնպես ամենաբարդերից է, և եթե, տիրապետում եք հայերենին, ապա չինարենի ուսումնասիրությունը շատ լավ կստացվի»,-ասաց դեսպանը։ 

Նա կարևորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցի և նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման շրջանակներում ռազմավարական գործընկերության հաստատումն, ինչպես նաև մի շարք հուշագրերի կնքումը, որոնք Լի Սինվեյի գնահատմամբ, նոր մակարդակի են բարձրացրել երկու երկրների հարաբերությունները՝ նոր հեռանկարներ բացելով տարբեր ոլորտներում համագործակցության համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը՝ երկու բարեկամ երկրների միջև կրթական ու մշակութային համագործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի համար։

«Կրթությունը կարևոր դեր է խաղում համագործակցության խորացման, փոխադարձ ըմբռնման խթանման և մեր ժողովուրդների միջև կայուն կապերի կառուցման գործում։ Այս համատեքստում լեզվական կրթության ոլորտում համագործակցությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև՝ մշակույթի, պատմության և ընդհանուր արժեքների ճանաչման»,-համոզմունք հայտնեց Պապոյանը՝ գոհունակությամբ նշելով վերջին տարիներին Հայաստանում չինարենի ուսուցման գործում գրանցված շոշափելի առաջընթացը և ուսանողների շրջանում աճող հետաքրքրությունն այդ լեզվի նկատմամբ։

 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում