Տնտեսություն

Փաշինյանը հաստատեց՝ ադրբեջանական նավթամթերքով բեռնված գնացքը գալիս է Հայաստան

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը հաստատեց՝ ադրբեջանական նավթամթերքով բեռնված գնացքը գալիս է Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է տեղեկությունը, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված շարժակազմն արդեն ճանապարհին է ու գալիս է Հայաստան։ 

Վարչապետն այդ մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։  

«Ես էլ տեսա, որ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմն արդեն շարժվել ու գալիս է Հայաստան: Եվ ես ողջունում եմ այդ զարգացումը։ Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև: Բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար»,-ասաց վարչապետը:  

Նրա խոսքով՝ նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որոնց հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն, և համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում նրանք արդեն գործարքներ կկնքեն: 

Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստան է գալիս ադրբեջանական նավթամթերքով բեռնված մեկ գնացք: 

Անդրադառնալով Ադրբեջանի հետ այս ուղղությամբ գործակցությունը շարունակելու հավանականությանը՝ վարչապետը նշեց, որ Վրաստանի տարածքով տարանցումն ապահովելու սակագների հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ հույս հայտնելով, որ այդ հարցերը լուծում կստանան։  «Եթե այդ հարցերը չկարգավորվեն, հույս ունեմ, որ  տնտեսավարողներն այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումն ու արտահանումն ապահովելու, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանը սակագնային խոչընդոտներ է հարուցում ադրբեջանական նավթամթերքը իր տարածքով Հայաստան տեղափոխելու հարցում։ Դրանից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակի Հայաստան տեղափոխումն ապահովել անվճար։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնել են, որ 22 վագոնից բաղկացած գնացքը սկսել է ադրբեջանական նավթամթերքի տեղափոխումը Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստան է ուղարկվում SOCAR ապրանքանիշի АИ-95 տեսակի բենզին: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում