Հայաստան

Փաշինյանը ՌԴ գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել Հայաստանի տարածքում երկաթուղու որոշ հատվածների ամբողջական վերականգնմամբ

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ՌԴ գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել Հայաստանի տարածքում երկաթուղու որոշ հատվածների ամբողջական վերականգնմամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով TRIPP նախագծին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանեց. «Հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով: Դա հստակ ձևակերպված է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կոռեկտ չհամարեց այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը:

«Բայց ես ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ՝ առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացնեմ Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա:

Վարչապետը հույս հայտնեց, որ ՌԴ գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն:

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ խորհրդակցել TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ՝ հիշեցնելով, որ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն համարվող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը իրականացնում է Հայաստանի տարածքում երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում