Իրավունք

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ գործադրված բռնության դեպքի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ գործադրված բռնության դեպքի վերաբերյալ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ գործադրված բռնության դեպքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է։

«Դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Հակոբյանին և իրականացրել դիտավորությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը)։

Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դեկտեմբերի 8-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ մի խումբ դիմակավորված տղամարդիկ հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա ու ծեծել նրան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում