ԵՄ-ն կարևորել է կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքները
2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը։
«Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին է ներկայացրել Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները և կարողությունները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության շրջանակում կատարված աշխատանքներին, Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև Քննչական կոմիտեի գործունեությանը վերաբերող այլ հարցերի։ ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակները կարևորել են կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտներում իրականացվող աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ իրավապահ ոլորտին առնչվող խնդիրների շուրջ տեղեկատվության փոխանակման համար: Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը: