Հայաստանը պատրաստ է արդեն այսօր թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով. վարչապետ
2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում արձանագրվող նոր զարգացումներին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում արդեն վերահաստատվում են փոխադարձ հաղորդակցությունների գործնական մեխանիզմներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկարատև խաղաղության համար։
Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում կայացած «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» պանելային քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանի այն որոշումը, որով վերացվել են այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։
«Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի այս որոշումն ու հայտարարությունը, քանի որ դա շատ կարևոր և դրական իրադարձություն է։ Այն, ինչ ընդամենը մի քանի ամիս առաջ անհնարին էր թվում, այժմ իրականություն է. հացահատիկը Ղազախստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ սա անկախ Հայաստանի պատմության համար աննախադեպ զարգացում է։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը նույնպես պատրաստ է բացմանը ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով, արդեն այսօր թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով։
«Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ամենօրյա հոգածության, Վաշինգտոնյան հռչակագրի տեքստն ու ոգին պահպանելու և գործընթացը խաթարող պատմություններից հրաժարվելու շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել մեր երկու երկրների միջև տևական խաղաղությունը»,- եզրափակեց Փաշինյանը։