4 րոպեի ընթերցում
«Կասկադ» համալիրի երկար տարիներ անավարտ մնացած հատվածի վերակառուցման աշխատանքները պաշտոնապես մեկնարկեցին՝ Երևանի քաղաքապետարանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի միջև պայմանագրի ստորագրմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ տարիներ շարունակ «Կասկադ»-ի ամբողջականացման մասին շատ է խոսվել, սպասումը երկար է եղել։
«Այս արարողությամբ մի քայլ ևս մոտենում ենք նրա ավարտուն, լիարժեք կերպարին՝ այն «Կասկադ»-ին, որը մեր քաղաքն արժանի է ունենալ։ Երևանը, կարծում եմ, ունի մի քանի կարևորագույն կետեր, որոնց վերաբերյալ բոլորս ունենք որոշակի վերաբերմունք, հիշողություններ և կապվածություն, և «Կասկադ»-ը հենց այդպիսի տեղերից մեկն է։
«Կասկադ»-ը ուներ մի հատված, որը կարելի է ասել՝ ամբողջապես դատարկ էր և տասնամյակներ շարունակ չէր հասել իր վերջնական տեսքին։ Այս նախագծով մենք ավարտում ենք այն, ինչ երկար տարիներ անավարտ է մնացել։ Մոտ 4,5 տարի հետո մենք կտեսնենք «Կասկադ»-ի ավարտուն համալիրը, որտեղ կլինի նոր համերգասրահ՝ դեպի քաղաք բացվող մեծ տեսարանով, նաև գեղեցիկ լանդշաֆտով ժամանակակից արվեստի թանգարան, որի կարիքը Երևանն ունի»,- նշեց Ավինյանը:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Կասկադ» համալիրի համահեղինակ Ասլան Մխիթարյանը նշեց, որ այսօր իր կենսագրության հիշարժան օրերից մեկն է։
«Կատարվում է այն, ինչին ես 40 տարի սպասել եմ։ Ցավում եմ, որ իմ կոլեգաները, իմ վարպետները այսօր մեզ հետ չեն, բայց ինձ հանգստացնում է այն, որ «Կասկադ» համալիրը պետք է վերջապես ձեռք բերի իր ավարտուն տեսքը։ Վստահ եմ, որ ֆրանսիական կողմի հետ համատեղ աշխատանքը կլինի այն որակին, որի արդյունքում ամբողջ «Կասկադ»-ը կստանա պատմական հուշարձանի կարգավիճակ, ինչպես արդեն ստացել է գոյություն ունեցող ավարտված մասը»,-նշեց Ասլան Մխիթարյանը:
Նախագծի հեղինակ, ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, և շնորհավորեց երևանցիներին այս առանձնահատուկ համալիրի շինարարության մեկնարկի կապակցությամբ: «Վերևի հատվածում լինելու է համերգասրահ, որը կունենա մեծ տեսարան դեպի քաղաք։ «Կասկադ»-ը շարունակվելու է մինչև վերջ, և դուք կկարողանաք ուղիղ ճանապարհով հասնել մինչև «Մոնումենտ»։ Այստեղ կտեղակայվեն թանգարանի երկու հարկերը, և յուրաքանչյուր հարկում կլինի հարթակ, որտեղից կբացվի տեսարան դեպի Արարատ լեռը»,- ներկայացրեց ճարտարապետը:
«ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Միքայելյանն իր խոսքում նշեց, որ ստորագրված փաստաթուղթը շատ կարևոր է ոչ միայն իրենց ընկերության, այլ նաև Երևանի և ողջ հայության համար։
«Սա անչափ մեծ իրադարձություն է բոլորիս համար, միաժամանակ շատ մեծ պատասխանատվություն։ Մեր ողջ թիմը գիտակցում է այդ պատասխանատվության աստիճանը։ Ամիսներ առաջ, երբ մասնակցում էինք քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, կարծիքները տարբեր էին, բայց մի բան հստակ էր՝ մեր թիմը չէր խնայելու ջանք ու եռանդ։ Պետք է անեինք հնարավորն ու անհնարինը՝ ստեղծելու արժեք մեր և ապագա սերունդների համար։ Ինձ համար այս գաղափարն ու նախագիծը շատ կարևոր են, որովհետև վերջապես կբուժվի Երևանի սրտում եղած այս վերքը, և մենք կունենանք գեղեցիկ և ավարտուն «Կասկադ»,- նշեց Գոռ Միքայելյանը։