Սլովակիան և Հունգարիան պատրաստ են ԵՄ դատարանում պաշտպանել ռուսական գազի ներմուծման իրենց իրավունքը
2 րոպեի ընթերցում

Սլովակիան և Հունգարիան մտադիր են Եվրամիության արդարադատության դատարանում բողոքարկել Եվրոպական հանձնաժողովի որոշումը ռուսական գազի գնումներից հրաժարվելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը:
«Եվրահանձնաժողովի այս որոշումը լավ չէ և կվնասի ոչ միայն Սլովակիային և Հունգարիային, այլև ԵՄ մրցունակությանը։ Բավարար քանակությամբ մատչելի գնով գազը մեր ազգային տնտեսության ամենակարևոր հենասյուներից մեկն է, և դրանով ենք մենք պաշտպանում մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեները։ Ահա թե ինչու ենք մենք ցանկանում օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ նման վնասակար նախաձեռնությունները չեղյալ համարելու համար, այդ թվում՝ ԵՄ արդարադատության դատարանում», - գրել է Յուրայ Բլանարը Facebook-ի իր էջում։
Նախարարը նշել է, որ հաշվի առնելով Սլովակիայի իշխանությունների դիրքորոշումը այս հարցում, նա իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին տեղեկացրել է Բրատիսլավայի դիրքորոշման մասին։ Նախարարները համաձայնել են կապ պահպանել Սլովակիայի արդարադատության նախարարության հետ, որը լիազորված է գործել Սլովակիայի իշխանությունների անունից։
Դեկտեմբերի 3-ին Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։