5 րոպեի ընթերցում
Դեկտեմբերի 4–ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09:30-ից «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Գործատուների հանրապետական միության համագործակցությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից տեղի կունենա «Ֆորմալ զբաղվածության խթանումը Հայաստանում. Ախտորոշիչ զեկույցի վավերացում» խորագրով միջոցառումը։ Կմասնակցեն ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՄԿ Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրին, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի ասուլիսը։ Թեմա. փոփոխություններ Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականներում։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 13:00-ին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում (Հանրապետության փող.65) Լեւոն Զուրաբյանը հրավիրում է մամուլի ասուլիսի: 2021 թվականից սկսած մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է: Մամուլի բազմաթիվ միջոցներ հիմա դիմում են ինձ հրապարակված փաստաթղթերի մեկնաբանությունների համար: Հաշվի առնելով մամուլի միջոցների հետաքրքրությունը հարցի վերաբերյալ՝ հրավիրում եմ ասուլիս:
Ժամը 14:00-ից «Անի Գրանդ» հյուրանոցի «Արենի» սրահում (Հանրապետություն փող.65) կկայանա Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2025» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը և քննարկումը։ Բացման խոսք՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբա, ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վաչության պետ Լիլյա Աֆրիկյան, Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (ECNL) «ՔՀԿ չափիչ» ծրագրի իրավական հարցերով մասնագետ Էմինա Նուրեդինոսկա: Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2025 թվականի «ՔՀԿ չափիչ» հետազոտության բացահայտումները և իրավական ու գործնական միջավայրի բարելավման առաջնային ուղղությունների վերաբերյալ առաջարկները։ + (374) 77 528910:
Մշակույթ
Ժամը 16:30-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար» ձեռնարկի շնորհանդեսը: Գրքի առաջաբանի հեղինակներն են՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի MBA ծրագրի ղեկավար, ռազմավարության ու հաղորդակցությունների դասախոս Սերգեյ Թանթուշյանը։
Ժամը 18:00-ին «Kami Music Club»-ում տեղի կունենա «Ձմեռվա երգ» (ԱՄՆ/Հայաստան) Սուրբ Ծննդյան ռոմանտիկ կատակերգության պրեմիերային նվիրված մամուլի ասուլիսը, որին կմասնակցի ֆիլմի ստեղծագործական կազմը։ Նույն օրը՝ ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա կարմիր գորգի արարողությունը և ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Այս ԱՄՆ-Հայաստան համատեղ արտադրության ֆիլմը միջազգային հանդիսատեսին է ներկայացնում ջերմ, տոնական պատմություն՝ Ամանորի ֆիլմ, որը լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ և աներևակայելի բնությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ արժանանալով ջերմ ընդունելության։ Ֆիլմի լեզուն՝ անգլերեն՝ հայերեն ենթագրերով։ Բեմադրող ռեժիսոր՝ Անժելա Ասատրյան։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84: