Առայժմ փոխհամաձայնություն չկա. Կրեմլում կայացել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը
4 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ։ 5 ժամ շարունակվող հանդիպման արդյունքում, սակայն, չի հաջողվել փոխհամաձայնության գալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ բանակցություններին ռուսական կողմից ներկա են եղել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպումից հետո Դմիտրիևը X-ում մեկ բառ է գրել՝ «արդյունավետ»։
Իսկ Ուշակովը հայտնել է, որ տարածքային հարցերը շատ կարևոր են ՌԴ-ի համար, սակայն դրանց շուրջ փոխզիջումային տարբերակ դեռևս չի հաջողվել գտնել։ Ուշակովի խոսքով՝ ամերիկյան փաստաթուղթը բաղկացած է եղել 27 կետից, այն փոխանցվել է ռուսական կողմին, որը ծանոթացել է դրա հետ։ Բացի այդ, Մոսկվային ևս չորս փաստաթուղթ է փոխանցվել, որոնք նույնպես քննարկվել են Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։
Լրագրողներն Ուշակովին հարց են ուղղել՝ արդյոք Կրեմլում հանդիպումից հետո կողմերն ավելի են հեռացել միմյանցից ռուս-ուկրաինական հակամարտության լուծման հարցում։
«Հաստատ ավելի չենք հեռացել։ Բայց դեռ շատ աշխատանք կա անելու ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակվեն», - Ուշակովի խոսքերն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ քննարկվել են ոչ թե ամերիկյան կոնկրետ առաջարկները, կոնկրետ ձևակերպումները, այլ ամերիկյան փաստաթղթերում տեղ գտած դրույթների էությունը։
«Ինչ-որ բանի հետ մենք կարող ենք համաձայնել, և նախագահը դա հաստատել է իր զրուցակիցներին։ Ինչ-որ բան մեզ մոտ քննադատություն է առաջացրել, և նախագահը չի թաքցրել մեր քննադատական, նույնիսկ բացասական վերաբերմունքը մի շարք առաջարկներին։ Բայց կարևորն այն է, որ կայացել է բավականին օգտակար քննարկում», - հավելել է ՌԴ նախագահի օգնականը։
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը, Ուշակովը նշել է, որ դա կախված է նրանց օգնականների և արտաքին գործերի նախարարությունների աշխատանքից:
Ուշակովը նաև հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվել են չբացահայտել բանակցությունների մանրամասները։
Ամերիկյան կողմի հետ հանդիպումից առաջ Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել եվրոպական երկրների հետ, սակայն եթե Եվրոպան «հանկարծ ցանկանա կռվել և սկսի, ապա մենք պատրաստ ենք հենց հիմա»։
Ուիթքոֆն այս տարի արդեն վեցերորդ անգամ էր Մոսկվայում։ Կրեմլում բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունն արդեն հեռացել է Ռուսաստանից։
Մոսկվա այցից առաջ՝ նոյեմբերի 30-ին, Ուիթքոֆը, Քուշները և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆլորիդայում հանդիպել էին Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ շարունակելով նոյեմբերի 23-ին Ժնևում մեկնարկած բանակցություններն՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը։