ՀՀ-ն ցանկանում է մասնակցել ճգնաժամերի կառավարման ուղղությամբ ԵՄ-ի տարբեր առաքելությունների. ԱԺ-ն քննարկում է համապատասխան նախագիծը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրեց «ՀՀ և ԵՄ միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության խորացման տեսանկյունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նախատեսում է սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին՝ յուրաքանչյուր առաքելության համար առանձին ընթացակարգեր սահմանելու անհրաժեշտությունը բացառելու նպատակով։ 

Նրա խոսքով՝ փաստաթուղթը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները ճգնաժամերի կառավարման ոլորտում։ 

Կոստանյանն ընդգծեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում անվտանգային և պաշտպանական համագործակցությունը գնալով ընդլայնվում է։ 

«Ըստ էության, այս համագործակցության շրջանակներում է Հայաստանում տեղակայվել Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։ Հայաստանը ցանկանում է լինել ոչ միայն անվտանգության սպառող, այլև աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որոնք իրականացնում են մեր եվրոպացի գործընկերները»,- նշեց նա։

Փոխնախարարն ասաց, որ ԵՄ-ում գործում են շուրջ 20 նման առաքելություններ, որոնց մանդատը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների վրա կամ իրականացվում է հյուրընկալող պետությունների հրավերով, ինչն էլ տեղի է ունեցել Հայաստանի դեպքում։ 

Կոստանյանը անդրադարձավ նաև ծախսերի վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին։ 

Նրա խոսքով՝ համաձայնագիրը ներկայում սահմանում է, որ մասնակցող պետությունները հոգում են իրենց անձնակազմի ծախսերը։  

«Միևնույն ժամանակ, Եվրոպական միությունը թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական առաքելությունների դեպքում ունի համապատասխան գործիքակազմ, որի միջոցով կարող է աջակցել մասնակցող պետություններին։ Այստեղ գործում են տարբեր հաշվարկային մեխանիզմներ, այդ թվում՝ պետությունների ՀՆԱ-ի հետ կապված և այլն»,- ասաց Կոստանյանը։ 

Նա նշեց նաև, որ գերատեսչություններն ունեն գործուղումների բյուջեներ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաև Կառավարության պահուստային ֆոնդը՝ ընդգծելով, որ այս պահին կոնկրետ առաքելության մասնակցության որոշում չկա, և ստեղծվում է միայն օրենսդրական շրջանակը։ 

Կոստանյանը նաև պարզաբանում տվեց գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ համաձայնագիրը նախատեսում է, որ ԵՄ-ն պաշտոնապես հրավեր է ուղարկում, ինչից հետո Հայաստանը որոշում է՝ ընդունել մասնակցությունը կամ մերժել։  

«Բնականաբար, ինչպես ցանկացած քաղաքական գործընթացի դեպքում, այստեղ նույնպես նախնական կոնսուլտացիաներ են իրականացվում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը իր եվրոպացի գործընկերների հետ ոչ ֆորմալ քննարկումների ընթացքում հնարավորություն ունի ներկայացնելու, թե որոնք են այն առաքելությունները, որոնցում պոտենցիալ մասնակցելու ցանկություն ունի»,- եզրափակեց Կոստանյանը։ 

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան