Թրամփը խոստացել է մշտապես դադարեցնել միգրացիան երրորդ աշխարհի երկրներից
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնելու է Միացյալ Նահանգներ երրորդ աշխարհի երկրների ներկայացուցիչների միգրացիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Ես մշտական դադար կտամ միգրացիային երրորդ աշխարհի բոլոր երկրներից, որպեսզի ԱՄՆ համակարգը կարողանա լիովին վերականգնվել», - նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ երկրից կարտաքսվեն այն բոլոր միգրանտները, որոնք ԱՄՆ են ժամանել նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք, նրանք, ովքեր, նրա խոսքով, «զուտ ակտիվներ չեն հանդիսանում Միացյալ Նահանգների համար կամ անկարող են սիրել մեր երկիրը»։
Բացի այդ, Թրամփը խոստացել է ԱՄՆ քաղաքացիություն չունեցողների համար դադարեցնել բոլոր դաշնային արտոնություններն ու սուբսիդիաները, քաղաքացիությունից զրկել այն միգրանտներին, «որոնք խաթարում են ներքին խաղաղությունը», ինչպես նաև «արտաքսել ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը բեռ է հասարակության համար, անվտանգության սպառնալիք կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան մերձակայքում աֆղանստանցի տղամարդը կրակոցներ է արձակել, որի հետևանքով ծանր վիրավորվել էր ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայող։ Նրանցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Թրամփը հարձակումը որակել է ահաբեկչություն և կարգադրել ևս 500 ազգային գվարդիականի տեղակայել Վաշինգտոնում։