5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
27 նոյեմբեր, 2025
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09:30-ին /մամուլի համար բաց հատված՝ 09:30-10:00-ը/ «DoubleTree by Hilton» հյուրանոցում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը Վրաստանում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-Կանայք կառույցի (UN Women) հետ համագործակցությամբ կազմակերպում է բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և դրանից դուրս» թեմայով։ Մեկնարկը՝ ժամը 10:00-ին։ Համաժողովին նախատեսվում է նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի և Հայաստանի պետական կառույցների բարձր մակարդակի մասնակցություն։ Համաժողովի ընթացքում բանախոսները կքննարկեն «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգի շրջանակներում Հայաստանի ազգային գործողությունների պլանը՝ անդրադառնալով ձեռք բերված առաջընթացին և մատնանշելով հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Քննարկումներին կմասնակցեն նաև միջազգային փորձագետներ։ ՀՀ ՄԻՊ, 077 230028:
Ժամը 10:00-ին Մատենադարանում կկայանա «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն (տեսաուղերձ): Բացման արարողությանը կհաջորդի պլենար նիստ՝ «Մշակութային արժեքների ձևերի պահպանման և խրախուսման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիա 20 տարվա ձեռքբերումները և հեռանկարները» թեմայով: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից: ԿԳՄՍՆ:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:30-ին Պարոնյան 21/1 (2-րդ հարկ) հասցեից կմեկնեն Գյումրի, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հրավիրում է մասնակցելու մեդիա տուրին։ Մեդիա տուրի ընթացքում նախատեսվում է ժամը 12:30-ին այցելություն Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն (Գյումրի, Երևանյան խճուղի 45/1) և Շիրակի մարզային մասնաճյուղ։ Այս միջոցառումը նախատեսված է լրատվական դաշտի մեր գործընկերների հետ անմիջական շփման, ազատ հաղորդակցության և տեղում ՀԿԽԸ-ի ծրագրերին ծանոթացնելու համար։ Ժամը 19:00-ին՝ վերադարձ Երեւան: ՀԿԽԸ, + 374 93 55 75 30:
Մշակույթ
Ժամը 12:00-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ /Օղակաձև զբոսայգի, Ռադիոտան դիմաց/ Եղիշե Չարենցի մահվան օրվա առթիվ կկայանա այցելություն մեծ բանաստեղծի հուշարձանին: ՀԳՄ, Ե.Չարենցի տուն-թանգարան, Ե.Չարենցի անվան դպրոց:
Ժամը 14:30-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Վաչագան Ավագյանի «Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է Արշակ Չոպանյանի (1872–1954) բազմաբնույթ և հիրավի մեծարժեք գործունեությանը։ Ծնունդով պոլսեցի, արմատներով ակնեցի Չոպանյանը իր կյանքի շուրջ վաթսուն տարին անցկացրել է Փարիզում՝ սկսած 1895 թվականից մինչև մահ։ Նրա հիմնադրած և խմբագրած «Անահիտ» գրական-գեղարվեստական ամսագիրը շուրջ երեք տասնամյակ եղել է հայ մշակույթի ու գրականության կարևորագույն ամրոցներից մեկը։ 055 63 06 37։
Ժամը 17:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի 1/1) կբացվի «Արաբկիր-100» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Երևանի պատմության թանգարանի, Ազգային արխիվի և Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել պատմական Արաբկիրից մինչև ժամանակակից Երևանի Արաբկիր համայնքի հարուստ և հետաքրքիր պատմությունը ու հայկական ինքնության պահպանման մեջ նրա ունեցած բացառիկ դերը: Ցուցանմուշների մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: