Փաստացի դուրս եկած ենք. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների կողմից «հակառուսության» վերաբերյալ տարբեր մեղադրանքներին ի պատասխան նա զարմացած արձագանքեց․
«ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսության մասի՞ն է խոսում: Եթե անդամագրվում ես մի կազմակերպության, ենթադրենք` Ժուռնալիստների միությանը, և այդ կազմակերպությունն իր պարտավորությունները չի կատարում, ու ուզում ես դուրս գալ դրանից, ուրեմն դու հակալրագրո՞ղ ես»:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս կառույցից՝ ԱԺ նախագահն ասաց.
«Փաստացի, դուրս եկած ենք: Ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության և մեր բանակցությունների վրա»:
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանն այս փուլում չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հարցը։