Միացյալ Նահանգներ

Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությանն ուղղված Թրամփի ծրագիրը բարելավման կարիք ունի

2 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությանն ուղղված Թրամփի ծրագիրը բարելավման կարիք ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը ճիշտ ուղղությամբ է գնում, սակայն կան հարցեր, որոնք պետք է բարելավվեն, որպեսզի այն ընդունելի լինի Ուկրաինայի և Եվրոպայի համար, RTL ռադիոկայանին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

«Այս նախաձեռնությունը գնում է ճիշտ ուղղությամբ՝ խաղաղության։ Այնուամենայնիվ, այդ ծրագրում կան ասպեկտներ, որոնք արժանի են քննարկման, բանակցման, բարելավման։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց չենք ցանկանում այնպիսի խաղաղություն, որը կլինի կապիտուլյացիա», - ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ միայն ուկրաինացիները կարող են որոշել, թե ինչ տարածքային զիջումների են պատրաստ գնալ։

«Սեղանին դրված առաջարկները մեզ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ դա պետք է ընդունվի ուկրաինացիների և եվրոպացիների կողմից։ Պատասխանն է՝ ոչ», - նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության դեպքում Ուկրաինայի պաշտպանության առաջին գիծը կլինի սեփական բանակի վերականգնումը, և դրա թվաքանակի հետ կապված սահմանափակումներ չեն կարող լինել։ Նա նաև նշել է, որ սառեցված ռուսական ակտիվները գտնվում են Եվրոպայում, և միայն Եվրոպան կարող է որոշել՝ ինչ անել դրանց հետ։

28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը: Ուկրաինան պետք է նաև նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը՝ ներկայիս 880 հազարից հասցնելով 600 հազարի: Կիևը նաև պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից՝ փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ: Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ: Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, և երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում