Հայաստան

Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում է Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում է Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երկու քաղաքների միջև տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում: 

Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ Երևանի քաղաքապետը որպես գործակցության ընդլայնման առաջնային քայլ կարևորել է հետագա համատեղ աշխատանքի հստակ առաջնահերթությունների ձևակերպումը:  

«Վերջին տարիներին Երևանը զարգացման նկատելի առաջընթաց է արձանագրում տարբեր ոլորտներում։ Իրականացվում են մասշտաբային ենթակառուցվածքային ծրագրեր․ արդիականացվում և բարեփոխվում է հանրային տրանսպորտի համակարգը, կիրառվում են ժամանակակից թվային գործիքներ, ներդրվել է աշխարհագրական տեղեկատվական GIS միասնական համակարգը, որոնք միտված են բարելավելու կառավարման և համայնքային ծառայությունների որակը։ Միևնույն ժամանակ մենք ակտիվորեն ժամանակակից պահանջներին ենք համապատասխանեցնում կրթական և առողջապահական հաստատությունների ենթակառուցվածքները՝ մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները դարձնելով ավելի էներգաարդյունավետ, անվտանգ և կայուն»,- նշել է Տիգրան Ավինյանն ու ընդգծել, որ Երևանը բաց է գործակցության ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոնի Ռոստովի քաղաքապետն իր հերթին նկատել է, որ առկա է լայն դաշտ՝ գործակցության նոր ուղղություններ ընդգրկելու և համատեղ ծրագրերը թարմացնելու համար: Երկուստեք հարաբերությունների ամրապնդման ու Դոնի Ռոստովի զարգացման գործում Ալեքսանդր Սկրյաբինն առանձնակի կարևորել է հայ համայնքի մեծ ներդրումը և պատասխան այցով Երևանի քաղաքապետին հրավիրել Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում