Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ու Շալվա Պապուաշվիլին քննարկել են քաղաքական, տնտեսական և մշակութային հարցեր

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ու Շալվա Պապուաշվիլին քննարկել են քաղաքական, տնտեսական և մշակութային հարցեր

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը շարունակվել է կառուցողական և գործընկերային մթնոլորտում։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցեր։ 

Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի դերը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման առումով, ինչպես նաև կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրագործումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայունության, զարգացման և փոխադարձ վստահության ամրապնդմանը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության և տնտեսական ինտեգրման տեսանկյունից։

Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնության հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճի համար։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացման տնտեսական ներուժի բացահայտման և էներգետիկ համագործակցության խորացման հարցերը։ Այս համատեքստում շեշտվել է միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ուղղված էներգետիկ նախագծերի արդյունավետ իրականացմանը, հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխշահավետ տնտեսական կապերի ընդլայնմանը։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք միտված են երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու զարգացման օրակարգի առաջմղմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում