Երևանի Կարմիր կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է և արդեն հասանելի այցելուների համար
5 րոպեի ընթերցում

Երևանում տեղի ունեցավ մայրաքաղաքի պատմամշակութային կոթողներից մեկի՝ Կարմիր կամրջի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ վերջին տարիներին կառավարությունն ավելի մեծ ծավալով է իրականացնում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքները։

«Մի քանի անգամ ավելացել են հատկացումները պետական բյուջեից։ Տարբեր հուշարձանների վերականգնման շուրջ աշխատում ենք մասնավորի հետ, ինչը թույլ է տալիս հանրային վերաբերմունքը հուշարձանների նկատմամբ փոխվի, որովհետև մասնավոր ոլորտը ներգրավվում է այդ գործընթացում և հետագայում ավելի պատասխանատվությամբ ու խնամքով է վերաբերվում հուշարձանների պահպանությանը։ Այստեղ հենց նման օրինակի հետ գործ ունենք։ Աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից, և այսօր բոլորս ականատես ենք, թե ինչպես է Երևանի հնագույն կամուրջներից մեկը դառնում հասանելի մեր քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար։ Ստեղծվել է հրաշալի միջավայր, որը կարող է դառնալ շատ հետաքրքիր ժամանցի և հանգստի գոտի։ Մյուս կողմից էլ սա ընդգծում է Երևանի պատմամշակութային ժառանգությունը»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ այս տարի նաև Ուրարտական ժառանգության մասով Հայաստանը հայտ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և արդեն իսկ կա տվյալ կազմակերպության որոշումը՝ հայկական պատմամշակութային ժառանգությունն իր ցանկերում ընդգրկելու վերաբերյալ։
«Մեր նպատակն է Երևանի պատմամշակութային ժառանգությունը դարձնել ավելի տեսանելի ու հասանելի։ Երբ խոսում ենք մեր մայրաքաղաքի պատմության մասին, ապա պետք է կարողանանք նաև հենց նման միջոցներով ու անզեն աչքով դա դարձնել ավելի հասկանալի բոլորի համար։ Այստեղ բացի կամուրջից, լուսավորվել են նաև հարակից հնամյա բերդի աշտարակները։ Այս համադրությունն իր հերթին շատ ամբողջական միջավայր է ստեղծում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ սա այն դեպքն է, երբ քաղաքապետարանը, մասնավոր գործընկերն ու ԿԳՄՍ նախարարությունը ստանում են շատ կարևոր արդյունք, քանի որ հայկական մշակույթի ամենակարևոր հուշարձաններից մեկն ամբողջապես վերակառուցվել է։

«Ամենակարևորն այն է, որ այսօր ներկա ենք գտնվում պատմամշակութային ժառանգության վերածննդի ամենակարևոր օրինակներից մեկի՝ Կարմիր կամրջի վերաբացմանը։ Աշխատանքն իրականացվել է շատ բարձր մակարդակով, դետալների նկատմամբ մեծ ուշադրությամբ։ Հենց այս տեսակ վերաբերմունքն էլ ցանկանում ենք տեսնել մեր մասնավոր գործընկերների կողմից, երբ խոսքը վերաբերում է պատմամշակութային հուշարձաններին»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Կարմիր կամուրջը կառուցվել է 13-րդ դարում։ 1655 թվականին Ժան Բատիստ Տավերնիեի գծանկարում երևում է կամրջի նախնական եռակամար տեսքը։ 1679 թվականին ուժգին երկրաշարժի պատճառով մասնակիորեն քանդվել է։ Պահպանվել են տուֆե սրբատաշ հիմքերը և կամարաթաղերի մասերը։
1679 թվականից հետո Կարմիր կամուրջը հիմնովին վերակառուցվել է Խոջա Փլավի հովանավորությամբ։ Նախնական եռակամար սխեման փոխվել է, սակայն պահպանվել են երկու մեծ բացվածքները, իսկ երրորդը հանվել է։ Ավելացվել են փոքր եզրային կամարները։ 1796 թվականի նկարում կամուրջն արդեն ունի չորս բացվածք՝ 2 մեծ և 2 փոքր։
Մինչև Երևանի գրավումը (1827թ) կամրջի փոքր եզրային կամարները վերածվել են սենյակների։ 1930-ական թվականներին կատարվել է ամրաշինական մեծնորոգում։ Սենյակ դարձած եզրային կամարներն ամբողջությամբ փակվել են բազալտե պատերով։ Կամրջի երկու կողմերում ավելացվել են բազալտե հենապատեր։
1960-ական թվականներին կատարվել են հերթական մեծ վերականգնողական աշխատանքները։ Հաջորդ վերակառուցման փուլը մեկնարկել է 1980 թվականին, սակայն մնացել է անավարտ։
Ընթացիկ տարում կազմակերպվել է ամբողջական վերականգնումը՝ պահպանելով բոլոր պատմական շերտերը։
