Եվրոպա

Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել է Բելառուսի կողմից հիբրիդային գրոհների մասին

2 րոպեի ընթերցում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել է Բելառուսի կողմից հիբրիդային գրոհների մասին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը Վաշինգտոնում բանակցություններ է վարել Ջոն Քոուլի հետ, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Բելառուսի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ Բուդրիսը Քոուլին տեղեկացրել է «օդերևութաբանական փուչիկների օգնությամբ օդային տարածքի շարունակական խախտումների, ինչպես նաև անօրինական միգրացիայի պահպանվող հոսքերի մասին»։

«Չնայած Լիտվայի կողմից ձեռնարկվող բոլոր միջոցներին և միջազգային ճնշմանը, բելառուսական ռեժիմը շարունակում է հիբրիդային գրոհները Լիտվայի դեմ՝ սպառնալիք ստեղծելով միջազգային ավիացիայի անվտանգության համար և սրելով լարվածությունը տարածաշրջանում։ Ուստի հատկապես կարևոր է մեծացնել ռեժիմի վրա ճնշումը և շարունակել խստացնել պատժամիջոցները», - հանդիպման ժամանակ հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարարը, որի խոսքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

Նաև Վաշինգտոն այցի ընթացքում Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների քաղաքականության համակարգումը։ 

«Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են Լիտվայի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության հանգուցային հարցերը՝ անդրատլանտյան և տարածաշրջանային անվտանգությունը, ԱՄՆ-ի զինված ուժերի նշանակությունը Եվրոպայում, համատեղ արձագանքը հիբրիդային սպառնալիքներին, համագործակցությունը ՆԱՏՕ-ում, պաշտպանությունը, էներգետիկան, հետևողական աջակցությունն Ուկրաինային, ինչպես նաև պատժամիջոցների իրագործումն ու համակարգումը», - ասվում է Լիտվայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ «ընդգծվել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունների համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում