ՆԳՆ-ն հայտարարել է պարեկային ծառայության համալրման ընդունելություն. ինչ ընթացակարգեր են սահմանված
4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ընդունելություն է հայտարարել ոստիկանության պարեկային ծառայությունը համալրելու նպատակով։
Դիմել կարող են առնվազն միջնակարգ կրթություն և 1,55սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստվածությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։
Դիմումների ընդունումը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 12-ը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Աստվածատուր Կակոսյանը նշեց, որ ընդունելությունը բաղկացած է երեք փուլից։
Առաջին փուլը ֆիզիկական պատրաստվածության ստուգումն է, որը իրենից ներկայացնում է ձգումներ պտտաձողի վրա, 1000 մետր վազք, համալիր ուժային վարժություններ։
Երկրորդ փուլում գնահատվում է դիմորդների համապատասխանելիությունը ընդհանուր մասնագիտական հմտություններին հոգեբանական թեստերի միջոցով, այդ թվում՝ IQ թեստի:
Երրորդ փուլում դիմորդը հարցազրույց է անցնում հստակ սահմանված հարցաշարով։ Հանձնաժողովը փորձում է պարզել դիմորդի ընդհանուր հոգեբանական նկարագիրը՝ ունկնդրելու ունակությունը և արժեհամակարգը, եթե մեծամասնությունը գտնում է, որ դիմորդը դրական է պատասխանել, նա անցնում է։ «Մինչև քննություններին անցնելը, դիմորդներն անցնում են բժշկական զննություն, ստուգվում է նրանց առողջական և ֆիզիկական վիճակը»,-նշեց ավագ պարեկը։
Երեք փուլերը հաղթահարած դիմորդները, մինչ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելը, կմասնակցեն 6-ամսյա դասընթացի։
Պարեկային ծառայության համար այս փուլում սահմանվել է 250 տեղ, որից 100-ը՝ Երևանում, մնացածը մարզերում։
Աստվածատուր Կակոսյանն անդրադարձավ նաև ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության կարևորությանը՝ նշելով, որ փորձը ցույց է տալիս՝ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ։
«Բացի այդ, հատկապես այնպիսի իրավիճակների դեպքում, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը կամ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունը, կին ծառայողներն ավելի արդյունավետ են գործում»,- ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Աստվածատուր Կակոսյանը։
Նա տեղեկացրեց, որ այս փուլով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար Երևանում սահմանված 100 տեղերից 30-ը նախատեսված են կանանց համար։
Լուսինե Ջալալյան