Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային ճանապարհով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
«Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով ուղարկել ևս 132 վագոն ցորեն։ Ուսումնասիրվում են նաև այլ տեսակի բեռների փոխադրումների հնարավորությունները», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ տրանսպորտի նախարարությունից ընդգծել են, որ սա Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տեղափոխման առաջին դեպքն է 1990-ական թվականներից ի վեր։
Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Ռուսական կողմի տվյալներով՝ Հայաստան է ուղարկվել ավելի քան 1000 տոննա ցորեն։
ՀՀ վարչապետի աշխատակազմը կարևորել է դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումն Ադրբեջանի կողմից տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման համատեքստում։ Վարչապետի աշխատակազմից ընդգծել են, որ սա Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կիրառումներից մեկն է։