Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով
2 րոպեի ընթերցում

Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։
Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։
Նշենք, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս Հայաստան կհասնի կրկին Ադրբեջանի տարածքով։
Օրեր առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
«Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,- ասել էր Ալիևը։
Ի պատասխան այդ հայտարարության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ևս վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ավելի վաղ տարանցիկ փոխադրումները որակել էր «պատմական»:
«Սա պատմական իրադարձություն է: Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել, հավանաբար, 1991 կամ 1992 թվականներին, այսինքն՝ պատերազմի ակտիվ փուլից առաջ», - ասել էր նա: