Քաղաքականություն

Եվրոպայի առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն աջակցելը. Ռասմուսեն

6 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն աջակցելը. Ռասմուսեն

Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. Տարածաշրջանային փոխկապակցվածությունը որպես բարեկեցության ուղի» խորագրով համաժողով համաժողովը։ 

Համաժողովի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել Հարավային Կովկասում տնտեսական փոխկապակցվածության միջոցով խաղաղության ամրապնդմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը: 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Rasmussen Global-ի հիմնադիր, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր բացման խոսքում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ բացել են մի հնարավորություն, մի պատուհան, որը պետք է օգտագործել: 

«Խաղաղությունը Հարավային Կովկասում հասանելի է։ Խաղաղության համաձայնագիրը, որն արդեն աջակցություն է ստացել Հայաստանի կողմից, կարող է բացել բարեկեցության նոր դարաշրջան թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Հուսով ենք՝ Ադրբեջանը շուտով կընդունի այդ առաջարկը»,-ասել է Ռասմուսենը:  

Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացին ԵՄ-ի դերակատարության անհրաժեշտությանը՝ Ռասմուսենը նշել է, որ 
Եվրոպայի առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն աջակցելը։ 

Ռասմուսենը կոչ է արել լիարժեքորեն գործարկել ԵՄ Global Gateway ծրագիրը՝ աջակցելու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հարակից ենթակառուցվածքային նախագծերին՝ շեշտելով, որ նախաձեռնությունը օգուտներ կբերի նաև հենց Եվրոպային:

«Այն կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ և կուժեղացնի խաղաղությունը մեր անմիջական հարևանությամբ, կօգնի ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում և կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը կարևոր տարածաշրջանում։

Այն կբացի նոր առևտրային ուղիներ եվրոպական բիզնեսների համար՝ կապելով մեզ Հնդկաստանի և Ասիայի հետ։ Որպեսզի խաղաղությունը կայուն լինի, պետք է ամրապնդել տնտեսական կապերը՝ թե՛ Հարավային Կովկասի ներսում, թե՛ Եվրոպայի հետ»,-ասել է Ռասմուսենը: 

Համաժողովի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ. դա փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության տեսլական է թե՛ տարածաշրջանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս: 

Գրիգորյանը հիշեցրել է նաև 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի համատեղ հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների կողմից։ Արմեն Գրիգորյանն ասել է, որ դա խաղաղությանը և բարեկեցությանը հիմք դրած պատմական իրադարձություն է, տարածաշրջանի բացման վճռական քայլ։

Նրա խոսքով՝ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է փոխադարձ տնտեսական շահերով և քաղաքական կամքով։ 

Համաժողովի ընթացքում կայացած պանելային քննարկումներին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ԵՄ-ի ընդլայնման նախկին հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Եվրոպական հանձնաժողովի այլ ներկայացուցիչներ:  

Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի դերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում Թուրքիայի դերի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ պանելային քննարկման մասնակիցները նշել են, որ «տարածաշրջանում նկատելի է նոր էներգիա, նոր մոտեցում»։  

Նրանց խոսքով՝ Թուրքիան փորձում է գտնել իր կառուցողական տեղը գործընթացում, իսկ ԵՄ անդամ պետությունները պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն Անկարայի հետ շփումներում՝ բացատրելու համար, որ սա համագործակցության եզակի հնարավորություն է, որը Թուրքիան պետք է օգտագործի։ 

Համաժողովի ընթացքում խոսվել է նաև Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ շեշտադրմամբ, որ նորարարությունը կարող է դառնալ կայուն տարածաշրջանային զարգացման առանցքը։  

Համաժողովի մասնակիցների համոզմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ոչ միայն կապում է պետություններին, այլ նաև մարդկանց՝ ստեղծելով վստահություն և բարեկեցություն, որոնք անհրաժեշտ են խաղաղության պահպանման համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում