Հոկտեմբերի 31-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հոկտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ տարածքային կառավարում, բնապահպանություն/շրջակա միջավայր, ջրային տնտեսություն, դոտացիաներ համայնքներին եւ պատվիրակված լիազորությունների իրականացում: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանում կկայանա «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025» (Armenian International Healthcare Exhibition 2025 - AIHC EXPO 2025) նախագծին նվիրված մամուլի ասուլիս: Միջոցառման ընթացքում կներկայացվի ցուցահանդեսի գաղափարական և կազմակերպչական հենքը, նպատակները, միջազգային ընդգրկումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դերակատարությունը, որպես նախաձեռնության գլխավոր աջակից։ Ասուլիսի բանախոսներ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ և ցուցահանդեսի պաշտոնական դեսպանորդ Դավիթ Կարապետյան, «Իվենչր Գլոբալ» ընկերության և ցուցահանդեսի հիմնադիր ու տնօրեն Արմեն Նիազյան, ցուցահանդեսի համահիմնադիր և գիտակրթական ծրագրերի համակարգող Ավետիս Ավետիսյան: «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը կանցկացվի նոյեմբերի 27-30-ը՝ Մերիդիան Էքսպո կենտրոնում: 

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ասուլիսը: Թեմա. փոփոխություններ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի և Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի, փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանի ասուլիսը: Թեմա. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 21-րդ փառատոնը։

Մշակույթ

Ժամը 18:45-ին Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա «Արարատյան մարդը» ֆիլմաշարի պրեմիերան։ Ֆիլմաշարը ներկայացվում է «Կողբ» հիմնադրամի «Կոստան Զարյան 140» նախագծի շրջանակում՝ «ԲՈՒՆ» TV-ի հետ համագործակցությամբ։ Ֆիլմի տեքստի հեղինակն է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, ում արխիվից է տրամադրվել ֆիլմում ներառված արժեքավոր նյութերի մեծ մասը։ Սցենարի հեղինակը գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանն է։ Ֆիլմաշարը բաղկացած է 10 մասից։ Հատուկ ֆիլմաշարի համար հարցազրույցներ են անցկացվել մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ, որը անձամբ է շփվել մեծ գրողի հետ, ինչպես նաև գրողի թոռան՝ ճարտարապետ Արա Զարյանի հետ։ Այս պահին ընթացքի մեջ է նաև Կոստան Զարյանի դիմաքանդակի պատրաստման գործընթացը (քանդակագործ՝ Մկրտիչ Մազմանյան)։ 

Սպորտ

Ժամը 19:00-ին Աշտարակի խճուղի 7 հասցեում տեղի կունենա LaserWar Armenia-ի ամենամյա առաջնության՝ IT Cup 5-ի եզրափակիչ միջոցառումը։ 6 շաբաթ շարունակ 16 թիմեր լավագույնն IT և Fintech ընկերությունից պայքարել են լազերային մարտերում՝ չեմպիոնության արժանանալու համար: Մրցանակաբաշխության ընթացքում նախատեսվում է՝ թիմային և անհատական մրցանակների հանձնում, հյուրասիրություն, գինիների հյուրասիրություն, երաժշտություն (DJ), պետանք խաղալու հնարավորություն, եւ իհարկե նեթվորքինգ ու տոնական տրամադրություն: 

Հայերեն Русский