Միացյալ Նահանգներ

Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում. Ծինփին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում. Ծինփին

Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցողները համաձայնության են եկել երկու երկրների միջև առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Մեր երկու առևտրատնտեսական խմբերը հիմնարար համաձայնության են եկել մեր հիմնական մտահոգություններն առաջացնող խնդիրները լուծելու հարցում և հուսադրող առաջընթաց են գրանցել», - ինչպես հաղորդում է չինական Xinhua գործակալությունը, ասել է նա։

Ծինփինը նշել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են օգնել միմյանց հասնելու հաջողության և համատեղ բարգավաճման։ «Տարիների ընթացքում ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ և ընկերներ։ Սա է մեզ սովորեցրել պատմությունը, և սա է պահանջում իրականությունը», - նշել է նա։ Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ազգային հատկանիշներ, ուստի պատահական չէ ու բնականոն է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ կունենան։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է սահուն կերպով առաջ գնան՝ ի հեճուկս առկա մարտահրավերների։ 

«Ես պատրաստ եմ շարունակել աշխատել նախագահ Թրամփի հետ՝ ամուր հիմք դնելու չին-ամերիկյան հարաբերությունների համար, ստեղծելու բարենպաստ միջավայր մեր երկու երկրների զարգացման համար»,- ասել է Ծինփինը։ 

Նա հայտնել է նաև, որ Չինաստանի զարգացումը չի հակասում Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի քաղաքականությանը։ «Չինաստանն ու ԱՄՆ-ն կարող են հասնել փոխշահավետ նվաճումների ու համընդհանուր բարգավաճման և պետք է մնան բարեկամներ ու գործընկերներ»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում