6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
29 հոկտեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 330 դահլիճում կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ իշխանության պետական եւ դատական մարմիններ, պետական վերահսկողություն եւ կոռուպցիայի կանխարգելում:
Ժամը 14:00-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:
Ժամը 17:00-ին Ազգային ժողովի 330 դահլիճում կկայանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
ՀՀ նախարարություններ
Ժամը 10:00-ին Շրջակա միջավայրի նախարարության շենքի մոտից (Կառավարական 3-րդ տուն) կմեկնեն «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որտեղ ՇՄ նախարարությունը համագործակցելով Կովկասի բնության հիմնադրամի հետ, կազմակերպում է լրագրողական այց՝ նոր բարեկարգված արահետով քայլարշավ դեպի Վահանգնի և Աստղիկի ջրվեժներ։ Այցի ընթացքում լրագրողներին կներկայացվեն տարածքի բարեկարգման պատմությունը և իրականացված բարելավման աշխատանքները։ Քայլարշավային երթուղին երկար չէ, խնդրում ենք լինել համապատասխան քայլարշավային հանդերձանքով։ Երկկողմ ուղևորափոխադրումը կկազմակերպվի, կլինի նաև սնունդ բնության գրկում: Վերադարձը նախատեսվում է ժամը 16։00-17։00-ը։ ՇՄՆ, 041 544441:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 12:00-ից Կինոյի տանը /Վարդանանց 18, 2-րդ հարկ/ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան» հիմնադրամը հրավիրում է լուսաբանելու հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կայանալիք «Անցումներ» տվյալների ցուցահանդեսը։ Այս եզակի ցուցահանդեսը Հայաստանում նախադեպը չունեցած ճամփորդություն է դեպի տվյալների և արվեստի փորձարարական աշխարհ, որում մեր ամենաառանցքային հետազոտության՝ Կովկասյան բարոմետրի արդյունքները թարգմանվում են ժամանակի, տարածության, նյութի, լույսի, ձայնի և լռության։
Ժամը 14:00-ից «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կազմակերպում են հանրային քննարկում՝ խնամքի աշխատանքի վերաբերյալ։ Բացման խոսք՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: «Գենդերային հավասարությունը խնամքի աշխատանքի դիտանկյունից. բազմակողմ հանրային քննարկում» խորագրով միջոցառմանը կմասնակցեն պետական և միջազգային կառույցների, քաղհասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հոկտեմբերի 29-ին աշխարհը կնշի Խնամքի և աջակցության միջազգային օրը:
Մամուլի ակումբներ
Ժամը 16:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամուրջ՝ նվիրված «Ռուսաստանի և ԱՊՀ-ի ժողովուրդներ» միջազգային փառատոնի անցկացմանը: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի «Ռուսաստանի և ԱՊՀ-ի ժողովուրդներ» միջազգային փառատոնը, որը նվիրված է Ժողովրդական միասնության օրվան, որը նշվում է ՌԴ-ում նոյեմբերի 4-ին:
Մշակույթ
Ժամը 14:00-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Դու էլ նայիր սեգ ճակատին ՈՒ անցիր…» գրական հանդիսությունը՝ մասնակցությամբ ՀԳՄ ասմունքի թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանի, Գրետա Մեջլումյանի և Ռուզաննա Հախնազարյանի:
Ժամը 15:00-ին Թեքեյան կենտրոնի ցուցասրահում /Խանջյան 50/ կկայանա «Արարատը հայի աչքերով» խորագրով լուսանկարների միջազգային ցուցահանդես: Կմասնակցեն հայ լուսանկարիչներ՝ Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից: 010 573057 :
Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում հրավիրում ենք մասնակցելու «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման շրջանակներում տեղի ունենալիք բանախոսությանը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ, Շանսիի հին ճանապարհը. Շանսիի քաղաքակրթության և միջազգային ցուցահանդեսի պատմությունը» խորագրով բանախոսությունը (համաժամանակյա թարգմանությամբ) կվարի Շանսի նահանգային հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Ջընհուան։