Բուդապեշտում հաստատել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև շփումների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը
1 րոպեի ընթերցում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոն հոկտեմբերի 28-ին հանդիպում են անցկացրել Մինսկում. հունգարական կողմից հաստատվել է ռուս-ամերիկյան շփումների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ փոխգործակցության գործնական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի, ինչպես նաև միջազգային արդիական հարցեր։
«Ուկրաինական խնդիրը քննարկելիս ընդգծվել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ լեզվական և կրոնական իրավունքների պահպանման կարևորությունը, որոնք համակարգված կերպով ոտնահարվում են Կիևի ռեժիմի կողմից», - նշված է հաղորդագրության մեջ։
«Հունգարացի գործընկերները հաստատել են ռուս-ամերիկյան շփումների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը», - հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում։
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին հանդիպել Բուդապեշտում, սակայն օրերս Թրամփը հայտարարեց, որ չեղարկում է հանդիպումը, քանի որ այն չէր տա ակնկալվող արդյունքը։