Վաշինգտոնյան պայմանավորվածությունները շատ դրական են Հարավային Կովկասի ապագայի համար. դեսպան Մկրտչյան
3 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնագրերը մեծ նշանակություն ունեն մոտ ապագայի համար և կոչված են նպաստելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Մկրտչյանն այդ մասին ասել է հունական «Թեսալիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Օգոստոսի 8-ին Սպիտակ տան միջնորդությամբ ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ հռչակագիրը։ Միացյալ Նահանգների նախագահը նույնպես որպես վկա համաստորագրեց այս հռչակագրի տակ։ Սա շատ կարևոր և պատմական փաստաթուղթ է, որն ուղեկցվեց խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և նախագահ Թրամփի ներկայությամբ։
Վաշինգտոնյան համաձայնագրերը մեծ նշանակություն ունեն մոտ ապագայի համար և կոչված են նպաստելու հարաբերությունների կարգավորմանը։ Իհարկե, կարևոր է, որ վերջնական համաձայնագիրը ստորագրվի առանց որևէ նախապայմանի։ Մենք այժմ այդ ուղղությամբ աշխատում ենք և պահպանում ենք ակտիվ երկխոսություն ադրբեջանական կողմի հետ»,- նշել է դեսպան Մկրտչյանը։
Նա կարծիք է հայտնել, որ սա շատ դրական զարգացում է Հարավային Կովկասի ապագայի համար, և այժմ հնարավորություն է ստեղծվել հարաբերությունները զարգացնելու խաղաղ և համագործակցային ուղով։
«Այդ պատասխանատվությունը կրում են երկու երկրների ղեկավարները, և այս պահի դրությամբ դա հույս ներշնչող գործընթաց է։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում: Կցանկանայի նաև ավելացնել, որ հռչակագրում ներառված է մի շատ կարևոր կետ՝ «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», որը նախատեսվում է ստեղծել Հայաստանի հարավային հատվածում և լինելու է Հայաստանի և նրա հարևանների միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ավելի լայն գործընթացի մի մաս։ Սա լիովին համապատասխանում է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այս նախագծի նպատակն է Հայաստանը և տարածաշրջանը դարձնել հնարավորությունների և տնտեսական բարգավաճման գոտի՝ հեռանալով հակամարտության տարածաշրջանի հին պատկերացումից, նախկինում հայտնի տեսլականից, որ սա հակամարտության գոտի էր։ Այսպիսով, հիմա մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք այդ հարաբերությունները զարգացնելու խաղաղ և պատշաճ ձևով»,- ասել է դեսպանը։